ՀՀ Նախագահ. «Գուցե կան հարևաններ, որ հլու կկատարեն Թուրքիայի նախապայմանները, բայց Հայաստանը վստահորեն, դրանց թվին չի պատկանում»
Մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է: Սակայն, այդ ճանապարհին մեր հետևողական փորձերը հայտնվում են փակուղում: Այդ մասին այսօր Կիպրոսի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ Կիպրոսում ուշադրությամբ հետևել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նա նկատել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվել է: «Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը», -հայտարարել է Հայաստանի նախագահը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե տուրք պետք է տրվեր նախապայմաններին, ապա հայկական կողմն առավել քան բարոյական և իրավական հիմքեր ուներ նախապայմաններ առաջ քաշելու։ «Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ Այո, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով», -հավելել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, ներկայումս Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Մինչդեռ, ըստ ՀՀ ղեկավարի, տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ:
«Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»: Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարևանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարևանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները և բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում: Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության» -հայտարարել է Սերժ Սարգսյանը` նկատելով, որ Հայաստանն իրեն համարում է եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս:
«Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ, հարևաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ և բանակցություններով և ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա և կգնահատի նույն այդ արժեքների կարևորությունն իր իսկ կայուն զարգացման և բարեկեցության համար», -նշել է նախագահ Սարգսյանը: