Տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի հերթական նիստը
Այսօր տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդի աշխատակարգի մշակումը` նշելով, որ դրանում պետք է հաշվի առնվեն խորհրդի կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները և գործառույթները: Նկատի ունենալով, որ հողի վարձակալության թույլտվությունները և պայմանագրերը, համաձայն կանոնադրության, հավանության պետք է արժանանան խորհրդի կողմից, խորհուրդը նիստերը կգումարի ըստ անհրաժեշտության:
Նիստում քննարկվել և հաստատվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է եղել հողի վարձավճարներից համայնքին փոխանցվող գումարների չափին և ՊՈԱԿ-ի հարկային պարտավորությունների կատարմանը:
Ներկայացվել է նաև ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի նախագիծը: Ա. Գևորգյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՊՈԱԿ-ին վերանայել այն` առաջարկելով փաստաթուղթը ձևավորել հաշվի առնելով ՊՈԱԿ-ի բազային եկամուտների և իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատմամբ: Առաջարկվել է բյուջեի նախագծում միջոցներ նախատեսել նաև ինքնակամ շինությունների քանդման համար: Փաստաթղթի նախագիծը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:
Խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՊՈԱԿ-ի վերջին տարիների ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտ իրականացնելու համար, և համոզմունք է հայտնվել, որ դրա արդյունքները հիմք կհանդիսանան ՊՈԱԿ-ի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Առաջարկվել է նաև, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՊՈԱԿ-ը մշակեն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զարգացման ծրագիր` հաշվի առնելով ՊՈԱԿ-ի լիազորություններից բխող վճարովի ծառայությունների տրամադրումը և նոր եկամուտների բացահայտումը: