Ազդեցիկ քաղաքական գործիչների հնգյակը գլխավորում է Սերժ Սարգսյանը, եզրափակում Հովիկ Աբրահամյանը. Սոցհարցում
Հայաստանում իշխանությունը կենտրոնացված է իշխանության ձեռքում և ստացվում է, որ երկրում հիմնական որոշում կայացնողը երկրի նախագահն է, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը: Այսօր ասուլիսում ներկայացնելով նախորդ տարվա հոկտեմբերին անցկացրած «Ամենաազդեցիկ քաղաքական գործիչները և նրանց վստահելիության վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները, հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«Իշխանությունը կենտրոնացված է իշխանության ձեռքում և ոչ ընդդիմությունը, ոչ գործարար շրջանակները ազդեցություն չեն կարողանում ունենալ ստեղծված իրավիճակի վրա: Դա մի քիչ վայել չէ ժողովրդավարությանը` որքանով էլ հարգենք մեր նախագահին, վարչապետին կամ Ազգային ժողովի նախագահին», -հավելեց սոցիոլոգը:
Հարցումը, որի պատվիրատուն հենց իրենք են` «Սոցիոմետրը», անցկացվել է 1650 մարդու շրջանում, Հայաստանի մարզերում և Երևանում: Հարցման արդյունքում սոցիոլոգը պարզել է, որ Հայաստանում քաղաքականությանն ակտիվորեն հետևում է մարդկանց 65 տոկոսը:
Խոսելով թվերով, Ադիբեկյանը տեղեկացրեց, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի համար ողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա. Այսպես, հարցվողների 89,5 տոկոսը երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը հիմնականում կապում է իշխանական շրջանակների` մասնավորապես, նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ: 0,5 տոկոսն է այդ վիճակը կապել ընդդիմության, 2,8 տոկոսը` արտաքին գործոնների, իսկ 5,3 տոկոսը` սեփական ընտանիքների հետ:
Իշխանության նույնպիսի կենտրոնացվածություն կա նաև հետսովետական մյուս երկրներում, ուղղակի դրանցում, ինչպես Ադիբեկյանն ասաց, «իշխանության կոնցենտրացիան ավելի մեծ է»: Հետսովետական երկրների այդ «ժառանգությունից» ըստ Ադիբեկյանի, Հայաստանը հրաժարվելու փորձեր անում է: «Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են, բայց դրանց բաժանումը կարևոր հանգամանք է իրական դեմոկրատիայի ձևավորման համար», -հավելեց Աադիբեկյանը:
Այս սոցիոլոգի ղեկավարած կենտրոնը ուսումնասիրել է նաև Հայաստանում ազդեցիկ քաղաքական գործիչների վարկանիշը և պարզվել է, որ հարցվողներին առաջարկված քսան գործիչների թվում իր ազդեցիկությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը` 35 տոկոս: Նրան երկրորդ տեղում հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` 13 տոկոս, երրորդ տեղում է վարչապետ Տիգրան Սարգսյանը` 8,5 տոկոս, չորրորդ տեղում՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է 4 տոկոս: Ազդեցիկ քաղաքական գործիչների հնգյակը ավարտում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` 3,4 տոկոս:
Ըստ Ադիբեկյանի, Քոչարյանի` իշխանությունից հեռանալուց հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ է` ընդգրկվում է ազդեցիկ քաղաքական գործիչների հնգյակում:
Նկատենք, որ հարցման արդյունքներով, այդ ցանկի վեցերորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը: «Նա ևս շարունակում է ունենալ որոշակի ազդեցություն, քանի որ որոշ հարցերի վերաբերյալ դեռևս հանդես է գալիս հայտարարություններով և գնահատականներով», -հավելեց «Սոցիոմետր»-ի ղեկավարը:
Ըստ ներկայացված տվյալների, վարչապետին ազդեցիկ համարողների 70 տոկոսը վստահում է նրան, սակայն նախագահ Սարգսյանին ազդեցիկ համարողների 48,5 տոկոսն է վստահում: Ըստ Ադիբեկյանի, հետաքրքիր պատկեր է ստացվել ընդդիմության պարագայում. վստահում են, բայց ազդեցիկ չեն համարում. Լևոն Տեր-Պետրոսյանին վստահում է հարցվածների 4,5 տոկոսը, բայց նրան միայն 1,1 տոկոսն է համարում ազդեցիկ գործիչ: Րաֆֆի Հովհաննիսյանին վստահողների 2 տոկոսն է համարում նրան ազդեցիկ, իսկ Վահան Հովհանիսյանին` 1,2 տոկոսը:
«Ընդհանուր առամամբ, իշխանական շրջանակների ազդեցիկությունը հասարակության մեջ 65 տոկոս է, իսկ ընդդիմությանը` 8,3 տոկոս, հետևաբար այն ընտրախավը, որը տատանվում է, սովորաբար իր ձայնը տալիս է հաղթող ուժին», -եզրակացրեց սոցիոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան