Ընտանեկան նպաստների չափերը մնացին անփոփոխ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ 2011թ.-ի պետական նպաստների չափերը մնացին անփոփոխ: Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, որոշմամբ առաջարկվում է պահպանել ընտանեկան նպաստի նախկին չափը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010թ.-ի մայիսի 1-ից արդեն ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացվել էր 3500 դրամով:
Որոշման նախագծով սահմանվում են նաև ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ սոցիալական ծառայությունների: Նախարարի խոսքերով, հաշվարկները կատարվել են ընտանեկան նպաստի դեկտեմբեր ամսվա տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:
Ա.Գրիգորյանը նշեց նաև, որ հունվարի նպաստների վճարումը կիրականացվի սահմանված ժամկետում` ամսվա երրորդ տասնօրյակի ընթացքում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարի առաջարկությամբ հանձնարարվում է համատեղ կառավարություն ներկայացնել սոցիալական ծառայությունների ինտերնետ և ինտրանետ կապի տրամադրման վերաբերյալ առաջարկություն, որը հնարավորություն կտա մեծացնել պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները