
Զոհվել է հայ զինծառայող. պատասխան կրակից թշնամին ավելի մեծ կորուստ է կրել
Երեկ երեկոյան ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած հերթական սադրանքի պատճառով զոհվել է հայ զինծառայող: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի մերձակայքում տեղակայված հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի պատճառով զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:
Նույն աղբյուրի համաձայն, Արցախի պաշտպանական ուժերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
ԼՂՀ ՊԲ-ն նաև ընդգծում է. «Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլև դիվերսիոն գործողությունների փորձեր»:
Լրահոս
Տեսանյութեր


