Միջոցառումներ` նվիրված ՀՀ ԶՈՒ ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին
Հայաստանի զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին և 28-ին կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:
Միջոցառումների մեկնարկը տրվելու է հունվարի 27-ին ժամը 10.00-ին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվելու է Սուրբ Պատարագ` նվիրված Հայոց բանակին, իսկ 11.00-ին ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում կատարվելու է Հայոց բանակին նվիրված գոհաբանական մաղթանք: Այդ օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում (ժամը 17.30) տեղի է ունենալու ՀՀ ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Նիստի ընթացքում հանձնվելու են ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:
Իսկ ահա հունվարի 28-ին ժամը 11.00-ին ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմն և ազատամարտիկներն այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (պսակադրություն և Լռության րոպե): Միջոցառումներն ավարտվելու են տոնական համերգով` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Հայկական բանակի կազմավորման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ կառավարությունն ընդունել է պատմական որոշում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվել է նախարարի առաջին հրամանը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսել է առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Բանակաշինության գործում իրենց մեծ ներդրումն ունեն այսօր արդեն գեներալ-գնդապետներ Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, գեներալ-լեյտենանտներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Մուրազ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը, Ալիկ Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը և շատ ուրիշներ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան