Դ. Ջամալյան. Ադրբեջանը չունի ուժերի այնպիսի գերազանցություն, որը թույլ տա նրան հաղթել հնարավոր պատերազմում
«Անկեղծ ասած ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Հրադադարը դեռևս խաղաղություն չէ: Այն պատերազմի մի փուլ է, որին բնորոշ է ինտենսիվ և մեծամասշտաբ ռազմական գործողությունների բացակայությունը: Այլ կերպ հրադադարը կարելի է անվանել պատերազմի պասիվ փուլ կամ ինչպես ժամանակին դիպուկ բնորոշել է սպարապետ Վազգեն Սարգսյանը` «ննջող պատերազմ»: Ես առիթ ունեցել եմ ասել և հիմա էլ կրկնում եմ, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելով չի լուծում որևէ մարտական խնդիր: Ռազմական նպատակահարմարություն այստեղ չկա. առկա է ակնհայտ քաղաքական ենթատեքստ»,- մեկնաբանելով վերջին շրջանում հաճախակի նկատվող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է դրա ենթատեքստը՝ փորձագետը նշեց. «Կարծում եմ, որ այս կերպ ադրբեջանական կողմը փորձում է հայաստանյան հանրության մոտ ստեղծել պատերազմի մոտալուտ վերսկսման պատրանք: Պատահական չէ, որ հրադադարի խախտման դեպքերը ուղեկցվում են ադրբեջանական ղեկավարության անընդմեջ և արդեն սովորական դարձած սպառնալիքներով: Սա հայաստանյան հանրույթը հոգեբանորեն ճնշելու, մասնավորապես մեզանում Արցախը զիջելու դիրքորոշումները հասունացնելու մի յուրահատուկ ձև է»:
Նրա խոսքերով, պետք է հստակորեն տարանջատենք քարոզչությունը իրականությունից: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Այո' Հայաստանին թուրք-ադրբեջանական դաշինքից սպառնացող վտանգը տեսանելի հեռանկարում պահպանվելու է: Սա իրականություն է: Սակայն իրականություն է նաև այն, որ վերջին շրջանում մեր Զինված ուժերը համալրվել են այնպիսի սպառազինություններով, որոնք չեզոքացնում են հակառակորդի քանակական առավելությունը»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:
Փորձագետի համոզմամբ, ակնհայտ է, որ Ադրբեջանը չունի ուժերի այնպիսի գերազանցություն, որը թույլ տա նրան հաղթել հնարավոր պատերազմում:
«Հետևաբար նման պայմաններում պատերազմ վերսկսելը Ալիևի կողմից կլիներ արկածախնդրություն` անկանխատեսելի հետևանքներով: Հենց այդ պատճառով էլ տեսանելի հեռանկարում Բաքուն կսահմանափակվի միայն հրադադարի ռեժիմը խախտելով: Շփման գծում լարվածության պահպանմանը զուգահեռ լրահոսում պարբերաբար կհայտնվեն «արժանահավատ տեղեկություններ» պատերազմի իբրև թե մոտալուտ վերսկսման մասին: Այս ամենն արդեն ընդամենը պաշտոնական Բաքվի քարոզչությունն է»,- ասաց պարոն Ջամալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան