Վերակառուցվում է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի համակարգը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով արդեն իսկ լուծվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը: Ծրագիրը համաֆինանսավորել են Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինն ու Ռուսաստանի հայ գործարարները:
Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Վերանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին, որոնք արդեն ունեն կանոնավոր ջրամատակարարում: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: «Այս վերջին փուլի աշխատանքների ավարտից հետո հոսող ջրի ծավալը զգալիորեն կմեծանա», - հավատացրել են պատասխանատու շինարարները:
Տարիներ շարունակ ջրագիծն անմխիթար վիճակում էր, և անընդհատ ջրի մեծ կորուստ կար: Գյուղը խմելու ջուր ստանում էր երկու օրը մեկ և ընդամենը երկու ժամով: «Մենք շատ երկար ենք սպասել այն օրվան, երբ մեր տներում ջուր կլինի»,- ասել է գյուղապետ Էդիկ Մարդյանը:
«2011թ.-ին մեր հազարավոր նվիրատուներն առիթ կունենան տեսնելու, թե ինչպես է իրենց նվիրատվությունների շնորհիվ իրականություն դառնում «Ջուրը կյանք է» կարգախոսը, և դրա ամենաթարմ օրինակը Նորագյուղն է»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Ջուրը կյանք է ամենուր, իսկ գյուղերում այն ոչ միայն կյանք է, այլ նաև տնտեսական զարգացման նախապայման», - ասել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Նորագյուղն Ասկերանի շրջանի ամենամեծ համայնքն է. այն հիմնվել է 1966 թվականին և ունի շուրջ 1510 բնակիչ, ում ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է: Գյուղն ունի բարեկարգ դպրոց, բուժկետ, բարենորոգ ճանապարհներ և գյուղացիները հավատում են, որ այսօր արդեն, ջրի առկայության պայմաններում համայնքում տնտեսության ընդհանուր վիճակն էլ զգալիորեն կբարելավվի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը