Կայացավ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը
Գեղարքունիքի մարզում այսօր տեղի է ունեել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ:
Տեղեկատվության համաձայն, նիստում ներկայացվել և հավանության է արժանացել ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի լրամշակված նախագիծը: Տեղեկացվել է, որ փաստաթղթում հաշվի է առնվել ՊՈԱԿ-ի բազային եկամուտների և իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատամամբ: Բյուջեն եկամտային մասով կազմելու է 369,7 մլն, ծախսային մասով` 461,9 մլն դրամ: Խորհուրդը որոշել է պակասուրդի գումարը հատկացնելու առաջարկով դիմել կառավարությանը` ՊՈԱԿ-ի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Խորհուրդը քննարկել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո կնքված հողերի վարձակալության պայմանագրերը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կնքված պայմանագրերը, և վերջնական որոշումը կկայացվի հաջորդ նիստում: Իսկ բնապահպանության նախարարին առաջարկվել է ներկայացնել տեղեկատվություն ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանի մասին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի եկամուտների ավելացման նպատակով վերջինիս կողմից մատուցվող ծառայություններն ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ տալ:
Նշենք, որ խորհուրդը որոշել է նաև բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ կիրականացնի և կներկայացնի առաջարկություններ` ազգային պարկի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ: