Դ. Ջամալյան. Զորավարժությունները՝ որպես ադրբեջանական ագրեսիան զսպելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ
Ժամանակ առ ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե Արցախի տարածքում, մասնավորապես, Ակնում (նախկին Աղդամի շրջան) հայկական զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում: Փաստը հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
«Արցախի Պաշտպանության Բանակն իր երկրի տարածքում հերթական զորավարժություններն է անցկացնում: Այդտեղ արտառոց ոչինչ չկա: Դրանք ադրբեջանական ագրեսիան զսպելուն կոչված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ են: Այս և նման զորավարժություններն առանց չափազանցության կարելի համարել խաղաղության պարտադրանք: Արցախ պետությունն այդ կերպ պատասխանում է Ադրբեջանի ագրեսիվ-շովինիստական հավակնություններին:
Արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններն Արցախում առկա են: Տարիների ընթացքում ստեղծվել է պաշտպանության ունիկալ համակարգ: Ըստ էության, Արցախն այսօր իրենից ներկայացնում է մի մեծ ամրացված շրջան: Սակայն այս ամենը բավարար չէ: Հարկավոր է կայուն պարբերականությամբ կատարելագործել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային դիմակայելու Արցախի բանակի հմտությունները, ինչն էլ արվում է: Ավելին, կարծում եմ, որ այս զորավարժությունները նպաստում են ադրբեջանական հանրույթի դիրքորոշումների աստիճանական տրանսֆորմացիային դեպի առկա իրողությունների հետ համակերպում,- ասաց փորձագետը:
Անդրադառնալով Բաքվի արձագանքին՝ Դ. Ջամալյանը նշեց, որ այն պետք է որակել իբրև հերթական-հերթապահ` ուղղված միջազգային կառուցներին: «Այստեղ հատկանշական այլ հանգամանք կա: Ներկայիս ադրբեջանական ռազմամոլությունը հիմնվում է նավթային եկամուտների շնորհիվ մեր հանդեպ ռազմական շեշտակի գերազանցություն ձեռք բերելու կոնցեպցիայի վրա: Այստեղ հայկական կողմը ներկայացվում է իբրև թույլ հակառակորդ: Սակայն զուգահեռաբար պաշտոնական Բաքուն ամեն անգամ մեծ հնչեղություն է հաղորդում Արցախում անցկացվող զորավարժություններին` ակամա նպաստելով, որ այդ մասին տեղեկությունները լայնորեն տարածվեն երկրում և հակասության մեջ մտնեն հայկական կողմի` իբրև թույլ հակառակորդի, կերպարի հետ:
Համաձայնեք. համոզիչ չէ որպես թույլ որակել այն բանակը, որն անընդհատ զորավարժություններ է անցկացնում: Տվյալ դեպքում դիվանագիտական նպատակահարմարությունը հակադրվում է քարոզչականին: Առհասարակ ադրբեջանական քարոզչությունը դառնում է խոցելի բոլոր այն դեպքերում, երբ աշխատում է իրականության դեմ: Նման դեպքերում իրականությունը այս կամ այն կերպ անխուսափելիորեն ճեղքում է քարոզչական պատնեշը: Սա հենց այդպիսի դեպքերից մեկն է»,- ասաց նա:
Նրա խոսքերով, միայն նավթային եկամուտներն են հաղթանակի հավատ հաղորդում բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանում կիսում են ալիևյան ռազմամոլությունը: «Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանին չի հաջողվել գերազանցություն ձեռք բերել մեր հանդեպ: Ավելին, այն չի հաջողվի նաև տեսանելի հեռանկարում: Ասվածը մերկապարանոց լավատեսություն չէ: Բոլորովին վերջերս մեր կողմից ձեռք են բերվել հակաօդային պաշտպանության նորագույն միջոցներ, որոնք էապես նվազեցնում են թշնամու օդուժի հնարավորությունները: Բայց անգամ առանց այդ միջոցների գործադրման էլ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական ինքնաթիռները անսարքության պատճառով կործանվում են»,- ասաց Դ. Ջամալյանը: