2010թ.-ին արձանագրված 25 % գնաճը բացառիկ ցուցանիշ է վերջին մի քանի տասնամյակների համար
Ամբողջ աշխարհում գնաճային դրսևորումները ուժգնացել են, ինչին նպաստել են պարենային ապրանքների գների թռիչքաձև աճը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը, 2010թ.-ի կեսերից սկսած մի շարք հիմնական պարենային ապրանքների միջազգային գները ավելի քան 40%-ով աճել են և շարունակում են աճել:
Նրա խոսքերով, Համաշխարհային բանկի պարենի ինդեքսը 2010թ.-ին արձանագրել է 25 % աճ, ինչը, ըստ Ա.Ստեփանյանի, «բացառիկ ցուցանիշ է վերջին մի քանի տասնամյակների համար»: Նշվեց նաև, որ այս տարվա հունվարին ևս որոշակի աճի միտում կա:
Անդրադառնալով գնաճային դրսևորումներին, Ա.Ստեփանյանը նշեց, որ զարգացող երկրներում` հատկապես սպառողական զամբյուղում պարենի մեծ կշիռ ունեցող երկրներում, ավելի շատ են արտահայտվել գնաճային դրսևորումները, այդ թվում` նաև Հայաստանում, որտեղ 2010 թ-ին տարեկան գնաճը կազմել է 9,4 %: «Սա մեզ նման երկրների հետ համադրելի ցուցանիշ է»,- նշեց նա` հավելելով, որ օրինակ` ԱՊՀ երկրներում 9-10 % գնաճ է արձանագրվել: Ա.Ստեփանյանի գնահատմամբ, Հայաստանում տարեկան գնաճն ավանդաբար 4,5 %-ից ցածր է եղել, իսկ Վրաստանում տարեկան միջին ցուցանիշը կազմել է 6-6,5%, ԱՊՀ-ում` 12 %: «Բնականաբար գնաճի երևույթները շատ ավելի ցավոտ են այն երկրների համար, որոնք մշտապես ցածր գնաճի միջավայրում են գործում, հատկապես այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են հիմնակնում աճում»,- ընդգծեց Ա. Ստեփանյանը:
Ըստ նրա, նախորդ տարվա 9,4 % գնաճի 7.5 %-ը պայմանավորված է պարենային ապրանքների գներով, դրանից 5 %-ը ներքին պարենային ապրանքների գնաճն է: Առաջին գործոնը, որը նոր գնաճային ազդակներ հաղորդեց Հայաստանի տնտեսությանը, ցորենի միջազգային գնի կտրուկ աճն էր, որին հաջորդեց այլ պարենային ապրանքների միջազգային գների աճը: Հաջորդ էական գործոնը գյուղատնտեսության ճյուղի խորը անկումն էր, որն արտահայտվեց գյուղատնտեսական մթերքների առաջարկի կտրուկ նվազմամբ:
Ակնհայտ էր, որ գնաճային միջավայրը ձևավորվում է բացառապես առաջարկի գործոններով պայմանավորված, ուստի առաջարկի կրճատումն անդրադարձավ գնաճի ցուցանիշի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր