Մոտ ապագայում Երևանի մետրոյի ուղեվարձը կթանկանա
Առաջիկայում սպասվում է, որ մետրոյի ուղեվարձը կթանկանա, և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը դա արդարացված է համարում, քանի որ Երևանի մետրոյում խոշոր ներդրումներ են կատարվելու: Բանն այն է, որ նախորդ տարվա օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրով երևանյան մետրոյում ներդրումներ կատարելու համար Հայաստանին առաջին փուլում հատկացվելու է 15 մլն եվրո վարկ: Խորհրդարանականներին այսօր ներկայացնելով պայմանագիրը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ այդ գումարից 5 մլն-ը կտրվի որպես դրամաշնորհ:
Առաջին փուլում, փոխնախարարի ներկայացմամբ` կվերանորոգվեն մետրոպոլիտենի շարժակազմը, մաշված ուղեգծերը և էլեկտրամատակարարման բաղադրիչները, կնորացվեն պոմպակայանները` ջրի ներհոսքի խնդիրը մեղմելու համար: Ջրի ներհոսքը նախատեսվում է վերջնականապես լուծել ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, որը կսկսվի 2013-ից: Բանկը գնահատել է ծրագրի արժեքը` Երևանի մետրոպոլիտենում ներդրումների ընդհանուր գումարը 30 մլն եվրո է:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե սպասվո՞ւմ է, որ մետրոյի ուղեվարձի թանկացում կլինի, Արամյանը դրական պատասխան տվեց: «Ուղևորավարձի սակագնի բարձրացումը արդարացված կլինի, որպեսզի նա կարողանա այդ ծախսերը փակել, հակառակ դեպքում դա պետք է արվի պետական բյուջեի հաշվին», -հավելեց ֆինանսների փոխնախարարը: Ուղեվարձը միանգամից կբարձրանա՞, թե՞ մաս-մաս, Արամյանի խոսքով, դա կորոշի պատկան մարմինը, այսինքն` Երևանի Մետրոպոլիտենը:
«Սա հերթական գումարներ լվանալու մեխանիզմ է պարունակում որոշ պաշտոնյաների համար», -պայմանագրի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: