Stratfor. «Հայաստանում Եգիպտոսի սցենարի կրկնության նախադրյալներ չկան»
Եգիպտոսում ծավալված իրադարձությունների զարգացումները ստիպեցին ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնին առաջ քաշել հետևյալ հարցադրումը. «Կարո՞ղ է արդյոք նմանատիպ մի բան տեղի ունենալ նախկին Սովետական Միության տարածքում»:
Հոդվածի հեղինակ Յուջին Չաուսովսկու կարծիքով` եգիպտական սցենարի զարգացումը նախկին Սովետական Միության տարածքում գտնվող երկրներում քիչ հավանական է, քանի որ Եգիպտոսի և այս երկրների միջև քաղաքական, մշակութային և բազմաթիվ այլ տարբերություններ կան: Այդուհանդերձ, «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը նշել է մի շարք երկրներ, որոնք իրենց քաղաքական և սոցիալական անկայունության պատճառով ռիսկի գոտում են: Այդ երկրների թվում են Ղրղզստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ վերլուծական կենտրոնի` Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաների և անկարգությունների իրականացման նախադրյալներ չկան:
Մատնանշելով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը` Եգիպտոսի իրադարձություններից ոգևորված, փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել` Յուջին Չաուսովսկին գրում է. «10 հազար մասնակիցների պարագայում ընդդիմությունը մեծ ոգևորություն կապրի, անգամ մի քանի հազար ցուցարարների մասնակցությունն այդ հանրահավաքին ընդդիմության կողմից կընկալվի որպես լուրջ հաջողություն` մղելով նրան հետագա գործողությունների, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում հայաստանյան ընդդիմության ակցիաներին ընդամենը մի քանի հարյուր մարդ էր մասնակցել»:
Ամերիկացի փորձագետների կարծիքով` թեև ընդդիմության գործողությունները Հայաստանում պետք է պարբերաբար մոնիթորինգի ենթարկվեն, այնուհանդերձ, իշխանությանը մարտահրավեր նետելու համար Հայաստանի ընդդիմության կարողությունները շարունակում են սահմանափակ մնալ, այդ իսկ պատճառով Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում ամենաքիչ ռիսկայինն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը