Երևանը Հնդկաստանի փողոց կունենա
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայման հարցեր: Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, երկուստեք կարևորվել են զբոսաշրջության զարգացման, ներդրումային և առողջապահության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Աչալ Կումար Մալհոտրան պատրաստակամություն է հայտնել աջակցել և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնել:
Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, Կ. Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին: Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել:
Հաշվի առնելով հանգամանքը, որ Հնդկաստանում բազմաթիվ հայկական փողոցներ կան, Աչալ Կումար Մալհոտրան առաջարկել է Երևանում նույնպես ունենալ Հնդկաստանի փողոց: Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ քաղաքապետարանը կարձագանքի այս առաջարկին: