Տիգրան Դավթյան. Այս տարվա ընթացքում ՀՆԱ-ն նոմինալ արժեքով կանցնի մինչ ճգնաժամային մակարդակը
Երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս գալուց հետո մտել է այնպիսի հատված, երբ արագացված տեմպերով պետք է իրականացվի տնտեսության վերականգնում: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Կարծում եմ` նոմինալ արժեքով այս տարվա ընթացքում ՀՆԱ-ն արդեն կանցնի մինչ ճգնաժամային մակարդակը»,- ընդգծեց նախարարը:
Տ.Դավթյանը դրական գնահատեց Ճգնաժամի արդյունքում տնտեսությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես այն, որ տնտեսությունը կամաց-կամաց դառնում է ավելի դիվերսիֆիկացված: Սակայն, ըստ նրա, մրցունակ և բավականին դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու համար դեռևս բավականին անելիքներ կան:
Էկոնոմիկայի նախարարը համոզված է, որ այս տարի էական տեղաշարժ կլինի իրական հատվածում, քանի որ դրա համար բավականին լուրջ հիմքեր կան: «Այն ներդրումային ծրագրերը, որոնք իրականացվում են, և որոնք առաջիկա 1-2 տարիների ընթացքում կիրականացվեն, մեզ բավականին լուրջ հիմք են տալիս ասելու, որ մենք կունենանք էական տեղաշարժ տնտեսությունում»,- նկատեց Տ.Դավթյանը:
Հինգ տասնյակից ավելի ձեռնարկություններում, որոնցում իրականացվում են լուրջ ներդրումային ծրագրեր, ինչպես նաև սպասվում են ռեալ տեղաշարժեր այս և հաջորդ տարիների ընթացքում, նախարարությունը ներկայումս մոնիթորինգ է իրականացնում: Դրանց ցանկում կան ձեռնարկություններ, որոնց պետությունը բավականին լուրջ աջակցություն է տրամադրել, մասնավորապես 300 մլն դրամը գերազանցող արժեքով սարքավորումների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետի երկարաձգում: Նաև այն ձեռնարկությունները, որոնց ճգնաժամի պայմաններում պետությունը անմիջական ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել, և բավականին լուրջ վարկային ռեսուրսներ է տրամադրել, ինչպես նաև այնպիսի ձեռնարկություններ, որոնք ունեն լուրջ ներդրումային ծրագրեր և դրանք իրականացնում են իրենց սեփական միջոցների հաշվին: «Այս ձեռնարկությունների գործունեության ռեալ արդյունքները առաջիկայում տեսանելի կլինեն: Առաջիկայում նաև սպասում ենք մի քանի նոր ձեռնարկությունների գործարկում, ուստի կարծում եմ, որ այդ դրական սպասումները կլինեն».- նշեց Տ.Դավթյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից պարբերաբար այցելելու է նշված ձեռնարկություններ, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ կան և դրանց համար ինչ լուծումներ են անհրաժեշտ: