Կենսաչափական տվյալներով անձնագիր ու նույնականացման քարտ քաղաքացին կունենա սեպտեմբերից
Այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է գործածության մեջ դնել կենսաչափական տվյալներով անձնագիր ու կենսաչափական տվյալներով նույնականացման քարտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Նրա խոսքով, անձնագիրը տրվելու է 5 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը` 10 տարի: Բացի այդ, նույնականացման քարտ ստանալու են 16 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, իսկ կենսաչափական տվյալներով անձնագիրը` արդեն ըստ ցանկության` արտերկիր մեկնելու համար: «Նախատեսվում է, որ անձնագրերում անկետային տվյալներից ու լուսանկարներից բացի լինելու է նաև 2 ցուցամատների մատնահետքները: Իսկ նույնականացման քարտում` անկետային տվյալներից ու նկարից բացի` էլեկտրոնային ստորագրությունը»,-պարզաբանեց բանախոսը:
Վարչության պետը նշեց, որ այս ամենն ուղղված է փաստաթղթի հուսալիության բարձրացմանը, անցանկալի անձնանց մուտքը երկիր արգելափակելու և քաղաքացիների ու տվյալների նույնականացման հեշտացման համար: Այս ամենը, ըստ նրա, ավելի հեշտ կդարձնի քաղաքացիների մուտքը արտերկիր:
Պատասխանատուն նշեց, որ քաղաքացին նույնականացման քարտի համար պետք է վճարի բազային տուրքի չափով` հազար դրամ, իսկ անձնագրի համար` մոտավոր հաշվարկներով 15 հազար դրամի սահմաններում տատանվող գումար: Ներկայում գործող անձնագրերը կգործեն մինչև իրենց վավերականության ավարտը: Ինչ վերաբերում է սոցքարտին, ապա քանի որ երկու քարտերում էլ տեղ է հատկացված սոցքարտում նշված համարանիշի համար, այն, մեխանիկորեն, պետք չի գալու քաղաքացուն: