«Ժպտա և հաղթիր», «Շուտով սկսվելու է»… ՀԺԱՄ-ը կազմակերպում է միջոցառումների շարք
Այսօրվանից Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը (ՀԺԱՄ) կազմակերպում է միջոցառումների շարք, որոնք բխում են կուսակցության նոր ծրագրից: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԱՄ-ի երիտասարդական թևի ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Ըստ նրա, այսօրվանից հենց քաղաքի տարբեր անկյուններում, մասնավորապես, կենտրոնական հատվածներում, փակցրել են պաստառներ` չորս կարգախոսներով. «Ժպտա և հաղթիր», «Մի վհատվիր, ամեն ինչ լավ է լինելու», «Մասնակցիր ապագայի կառուցմանը» և «Շուտով սկսվելու է»:
«Միջոցառումները մեկ ընդհանուր շարունակական տրամաբանության մեջ են մտնում, որը բխում է ՀԺԱՄ-ի քաղաքական ծրագրից: Կարգախոսներն էլ միտված են հասարակության` առաջին հերթին մտածողության մեջ փոփոխություն մտցնելուն, ապա հասարակական, քաղաքական ու այլ ոլորտներում հասարակության դերն ակտիվացնելուն»,-ասաց Հ. Կոնջորյանը:
Նրա խոսքով, միջոցառումները շարունակվելու են առնվազն մեկ տարի: Երիտասարդական թևի ղեկավարը նշեց, որ իրենք առաջին հերթին նպատակ ունեն աշխատել հասարակության, ուսանողների փոքր ու միջին ձեռնարկատերերի, թոշակառուների հետ:
«Հասարակության մեջ փոփոխություններ կատարելու համար նախ պետք է հասարակությանը պատրաստել, որ նա գաղափարապես հասունանա ու գիտակցի, թե ինչ քաղաքական միջոցներով պետք է այդ փոփոխությունները կատարի»,-ասաց նա:
Հ. Կոնջորյանը նշեց, որ ՀԺԱՄ-ը չի պատրաստվում սահմանափակվել մայրաքաղաքով, նման միջոցառումներ լինելու են նաև մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին