«Ազադլիգ». Նախիջևանում նոր «խան» է նշանակվում
Նախիջևանում իրարանցում է սկսվել: Իրեն «խան» հռչակած` Նախիջևանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ ստեղծված լայն քաղաքական կոալիցիան նրան տապալելու չափ նեղացրել է:
Այս մասին հայտնում է «Ազադլիգ» պարբերականը:
Հենվելով իշխանական շրջանակներից կազմակերպած արտահոսքին` թերթը գրում է, որ Նախիջևանի «խանի» աթոռը ցանկանում է ձեռք բերել Ալիևների խնամի՝ Փաշաևների կլանը: Փաշաևները երկար ժամանակ աշխատել են Թալիբովին փոխարինել իրենց մարդկանցով, կամ` Նավթի պետական ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաևով, կամ` Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովով, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ մինչ այժմ Թալիբովը կարողացել է չեզոքացնել իրեն սպառնացող վտանգը:
Այժմ Փաշաևները ցանկանում են Թալիբովին փոխարինել Նախիջևանի ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովով: Վերջինս ստվերային մրցակցության մեջ է «խանի» հետ: Հստակ տեղեկություններ կան, որ Փաշաևները սերտ երկխոսության մեջ են Ահմեդովի հետ:
«Բանը նրանում է, որ երկար տարիներ Նախիջևանը ղեկավարած Թալիբովը բավականին փչացրել է հարաբերությունները Ադրբեջանի իշխանության «շնաձկների» հետ, և բախումը Փաշաևների կլանի հետ նրան ոչ մի հաջողություն չի կարող բերել: Իշխանական վերին շրջանակներում խոսում են, որ մոտ ժամանակում Նախիջևանում լուրջ փոփոխություններ են լինելու և «խանի» փոփոխության հարցն արդեն ընդունված որոշում է ու կարճ ժամանակի հարց»,- գրում է թերթը: