Ս. Սարգիսի տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում
Այսօր նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Նշենք, որ Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Այսօր Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիններում կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ:
Տոնի կապակցությամբ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ` թատերախմբի, երգչախմբերի, պարախմբերի, Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորի մասնակցությամբ: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ:
Տոնի կապակցությամբ այսօր ժամը 13.00-ին Նկարիչների միությունում, իսկ ժամը 14.30-ին` Ժող. Արվեստի թանգարանում բացվելու է ցուցահանդես:
Արարատյան Հայրապետական թեմը և «Պողոսյան» այգիները ժամը 15.30-ին կամազակերպելու են աննախադեպ տոնախմբություն. «Սիրահարների զբոսայգում» անցկացվելու է համերգային ծրագիր, լինելու է նաև ձիավոր, ով բաժանելու է նվերներ և այլ անակնկալներ է մատուցելու:
Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնախմբությունն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:
Նշենք, որ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղաբլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: