Պաշտոնանկություններ. Ոստիկանապետն աշխատանքից ազատել է Թամամյանին ու Ադամյանին
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը և Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ Ադամյանը:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ըստ աղբյուրի, նշված անձինք ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով անցել են կադրերի տրամադրության տակ:
Մալխասյանը սակայն, չհաստատեց մամուլում հրապարակված տեղեկությունները, թե Թամամյանի ու Ադամյանի պաշտոնանկության պատճառը ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունն է` կապված անցյալ տարի Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի սպանության դեպքի հետ: Ըստ նույն տեղեկությունների, այդ դեպքի առիթով շոշափվում էր նաև Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու անունը: