Արթուր Բաղդասարյանը Հնդկաստանում է
Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հրավերով Նյու Դելիում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի, պաշտպանության, հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչություններում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, արտաքին գերատեսչության ղեկավար, պետնախարար Ի. Ահամեդի, Արևելքի հարցերով պետքարտուղար Վիջայա Լաթթա Ռեդիի հետ քննարկվել են հայ-հնդական հարաբերությունների զարգացման խնդիրները:
Երկուստեք նշվել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Կողմերը կարևորել են միջազգային կազմակերպություններում միմյանց դիրքորորոշումները հարգելու և պաշտպանելու ձևավորված պրակտիկան և պայմանավորվել են խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը` ներառելով նաև անվտանգության, տնտեսության ոլորտները: Այս առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երեք տարվա ընթացքում չի գումարվել որևէ նիստ:
Ի թիվս այլ հարցերի պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի Երևանում անցկացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ջանքեր գործադրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայկական «Նաիրիտ» և «Քիմպրոմ» ձեռնարկութունների և հնդկական համապատասխան ձեռնարկությունների գործակցության խնդիրներին:
Ռազմական գերատեսչության ղեկավար, պետնախարար Պալլամ Ռաջուի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք քայլեր ձեռնարկել` խորացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը, օգտագործելու ռազմական կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Արթուր Բաղդասարյանը Պալլամ Ռաջուին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է:
Օրվա հանդիպումների շարքը եզրափակվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտում կայացած հանդիպմամբ, որին մասնակցել են Հնդկաստանի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ և պատասխանատուներ:
Ինստիտուտի գլխավոր տնօրեն Նարենդրա Սիսոդիան ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և հեռանկարային ծրագրերը: Արթուր Բաղդասարյանը հնդկական կողմի խնդրանքով տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների, իրականացվող ծրագրերի, գործող հետազոտական հաստատությունների ինչպես նաև` Ազգային անվտանգության խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը պատասխանել է հնդիկ փորձագետների հարցերին: