Սերժ Սարգսյան. Այս տարի օրակարգում առաջնայինը գյուղն ու գյուղացին են
Այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ խոսքը միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, և գյուղի խնդիրները միայն գյուղատնտեսության նախարարինը չեն:
«Իհարկե, գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը: Մենք պետք է շատ կոնկրետ և հասցեական աշխատանք կատարենք: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` և վարչապետը, և փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով և ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երևան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»,- նշել է հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է պատասխան գտնել տարօրինակ այն հարցին, թե ինչու հող ունենալով, գյուղացիներն այնուամենայնիվ աղքատ են:
«Որո՞նք են այն պատճառները, որ ստիպում են մարդուն հող չմշակել: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ մեր գյուղացիների ինչ-որ մասը չի ուզում աշխատել և այլն, և այլն: Այդպիսի բան չկա: Եթե մարդը տեսնի, որ հողի վրա աշխատելով` կարողանում է արժանավայել ապրել, հաստատ կաշխատի: Ինչո՞ւ Արարատյան դաշտավայրում ավելի շատ են աշխատում հողի վրա, քան այլ տեղեր, որովհետև իրենց աշխատանքի արդյունքը տեսնում են»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Դիմելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն` նախագահ Սարգսյանն ասել է.
«Բազմաթիվ անգամներ, այդ թվում, երբ Դուք դեռ գյուղնախարար չէիք, ինձ ասում էիք, որ գյուղացիները որևէ խնդիր չունեն աճեցրած ապրանքն իրացնելու հետ կապված: Բայց ինչու՞ մենք դրա մասին հրապարակավ չենք ասում: Ինչու՞ չեք ասում` ես որպես գյուղատնտեսության նախարար, երաշխավորում եմ, որ ձեր աճեցրած բարիքն անպայման կարողանալու եք սպառել: Ասե´ք, եթե այդպես է: Եթե այդպես չէ, ուրեմն պետք չեն այդպիսի խոսակցություններն ընդհանրապես, և պետք է անընդհատ վերամշակող արդյունաբերության հնարավորությունները մեծացնել: Մանավանդ, որ մեր վերամշակված արտադրանքը հեշտությամբ կարելի է արտահանել: Ես հիշում եմ, մի քանի ամիս առաջ, երբ Ձեր ձեռնարկությունում էի, ասում էիք, որ չեք հասցնում վերամշակել ու արտահանել, որովհետև ներքին շուկայում սպառման ծավալները մեծ են: Դե ուրեմն, հիմա մարդկանց բացատրեք, օգնեք, որ ավելի շատ արտադրեն, որպեսզի ավելի շատ վերամշակեք»:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահն այսօր տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան