ԼՂՀ-ն կայացած պետություն է. Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ. ԱԺ նախագահ
«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով և բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է և ոչ մեկը, առավել ևս Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ»,-Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է աշխատանքային այցով այնտեղ գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:
«Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ և կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանն իր լծակներն ակտիվորեն օգտագործում է հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ կարծիք ձևավորելու համար: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. կազմակերպվում են փոխայցելություններ, շփումներ արտերկրի գործընկերների հետ:
ԱԺ նախագահը նշել է, որ անցյալ տարի Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին և օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նախատեսվում են նաև այլ պատգամավորների այցելություններ, շփումներ գործընկերների հետ, ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան