Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է օպերացիա իրականացնելուն. Աշոտ Աստաբացյան
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չեզոք միջնորդի իր կարգավիճակն օգտագործելով պատրաստ է ռազմագերիների փոխանակման օպերացիա իրականացնելուն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով նախօրեին Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, նշեց ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:
Նախօրեին Հայաստանի Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ ի կատարումն մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:
Աստաբացյանի խոսքով, Հայաստանում ադրբեջանցի 2 ռազմագերի է գտնվում, իսկ Ադրբեջանում 9 հայ կա` 3 ռազմագերի և 6 քաղաքացիական անձ: