Արցախի նախագահ. Հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ միակողմանիորեն հետ քաշել դիպուկահարներին
Այս տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և նման իրավիճակում չենք կարող մեզ թույլ տալ միակողմանիորեն ընդունել ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրինյուս Աժուբալիսի առաջարկությունը` շփման գծից առաջինը հետ քաշել դիպուկահարներին: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը` ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումից հետո:
«Գտնում ենք, որ այդ և նման առաջարկները կարող են ընդունելի լինել այն դեպքում, երբ կողմերը ցուցաբերեն կառուցողական դիրքորոշում», -հավելեց Արցախի նախագահը` նկատելով, որ հայկական կողմը շփման գծում լարվածությունը թուլացնելու համար հայկական կողմը բազմիցս է նման առաջարկություն արել, ինչը, սակայն, անհասկանալի պատճառաներով չի ընդունվել Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանը հակված չէ թուլացնել լարվածությունը շփման գծում: Եվ նրանց անհամաձայնությունը մենք դիտում ենք որպես ցանկություն ապագյում նույնպես իրավիճակը լարված պահել առաջին գծում», -հայտարարեց նախագահ Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարեց, որ Հայաստանին առաջարկել է բարի կամք դրսևորել և առաջինը հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Սակայն ԱԳ նախարարը պատասխանելով առաջարկին` նկատել էր, որ և Արցախը, և Հայաստանը բազմիցս են հանդես եկել այդ առաջարկությամբ, սակայն Ադրբեջանի կողմից այն չի ընդունվել: