Ի.Զաքարյանը ներկայացրեց մեռյալ հոգիների պատմությունը
Ձևավորված ավանդույթի համաձայն, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ցանկացած ասուլիս լի է Հայաստանի կառավարման մակարդակում տիրող իրավախախտումների ու անօրինությունների մասին բացահայտումներով, որոնց առանցքում պետական միջոցների միլիոնավոր գումարների յուրացումն է ընկած: Բացառություն չեղավ նաև այսօրվանը, որի ժամանակ Ի.Զաքարյանը բացատրեց, թե ինչպես են հիրավի գոգոլյան մեռած հոգիները Հայաստանում կենսաթոշակ կամ նպաստ ստանում, այն էլ սեփական դիմումի համաձայն, ինչ չափի միջոցների մասին է խոսքը և այլն:
ՎՊ-ն, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, ստուգումներ է իրականացրել ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու թեև Հայաստանի ողջ տարածքում ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոն, ստուգումներով եղել է թվով 14-ում` Երևանի մի շարք համայնքների կենտրոններում, Արտաշատում, Գյումրիում և այլն: Ընդ որում Ի.Զաքարյանը հայտարարեց, որ այդ 14-ում էլ ստուգվել է առավելագույնը կենսաթոշակառուների հետ կապված գործերի 14-15 տոկոսը` 2008-09, ինչպես նաև 2010 թ-ի առաջին ութ ամիսների ժամանակային կտրվածքով միայն:
Արձանագրելով, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում մահացած կենսաթոշակառուների թիվը կազմել է 58921 հոգի, Ի.Զաքարյանը տեղեկացրեց.
«ՎՊ-ի կողմից ստուգվել է 843 գործ, որոնցում հայտնաբերվել է տարաբնույթ 581 խախտում»:
Իսկ խախտումների բովանդակությունն էլ հետևյալն է: Նախ, մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար, ինչպես, օրինակ, Ռոզա Հովակիմյանի դեպքում, որը մահացել է 2005թ-ին, սակայն 2009թ-ի հուլիսին դիմում է գրել և ստացել 1մլն 24 հազար դրամի չափով դեպոնենտային գումար: Ու այս դեպքը եզակի չէ:
Դեպոնենտային վճարումներով գումար յուրացնելը, ինչպես համոզվեցինք Ի.Զաքարյանի ներկայացրած թվերից, տարածված մեթոդ է:
«Դեպոնենտ ստացող կենսաթոշակառուների թիվը նշված ժամանակահատվածում կազմել է 14287 մարդ: ՎՊ-ն ստուգել է 1656 գործ, որոնցում հայտնաբերվել է տարբեր բնույթի 1157-ում խախտում»,- տեղեկացրեց ՎՊ նախագահը: Ի դեպ, ոչ բոլոր խախտումներն են կրում ֆինանսական ենթատեքստ:
Ինչ վերաբերում է ֆինանսականին, ապա խախտումները բովանդակային առումով հետևյալն են.
1. Կնեսաթոշակը վճարվել է կրկնակի
2. Դեպոնենտի վճարումից հետո տեղեկատվական բազայում փաստացի տեղի ունեցած գործարքը ներկայացվել է իբրև չվճարված
3. Վճարումից հետո կենսաթոշակառուի գործը մնացել է անփոփոխ և նրա անձնական գործը չի տեղափոծվել ընթացիկ վճարման համակարգ
4. Որոշ դեպքերում առհասարակն բացակայում են կենսաթոշակառուների անձնական գործերը
5. Չարաշահումներ են արձանագրվել աշխատանքային ստաժ ներկայացնելու առումով, երբ կենսաթոշակառուին անգամ տասնյակ տարիների ստաժ է վերագրվել:
Խախտման այլ տեսակ` մահացած կենսաթոշակառուին շարունակվել է ամենամսյա թոշակ վճարվել և, օրինակ, դեպքերից մեկում 2005թ-ից մինչև ստուգման պահը վճարվել է ընդհանուր առմամբ 1մլն 100 հազար դրամ գումար:
Ռուս դասականի մեռյալ հոգիները իրենց հետքն են թողել նաև վետերաններին վճարվող պատվովճարների համակարգում: 2008-09 և 2010թ-ի առաջին ութ ամիսներին Հայաստանում պատվովճար ստացողների թիվը կազմել է 12100 հոգի: Ստուգված 85 գործում հայտնաբերվել է 11 խախտում.
«Օրինակ, Մեծ հայրենական պատերազմի վետերանին վճարվող նպաստ ստացել է 1959թ-ի ծնված քաղաքացի: Կամ` նպաստներ վճարվել են մահացած վետերաններին և այլն»,-հավելեց Ի.Զաքարյանը:
Իսկ վերջում շեշտեց` Սոցիալական ապահովության ծառայությունը, համապատասխան պետմարմիններում առկա տվյալների համաձայն, կենսաթոշակառուների վերաբերյալ իրական տվյալները չի ճշտել, չի համադրել ու սխալները չի ստուգել: Արդյունքում նախադրյալներ է ստեղծել` կատարելու նշված խախտումները:
Ավելացնենք, որ մինչև սույն թվականի հունիս ամիսը ծառայության բոլոր 51 տարածքային կենտրոններում անցկացվելու են լայնածավալ ստուգումներ ՀՀ ֆինանսների նախարարության մասնակցությամբ, որի արդյունքում առաջին հերթին պետք է մաքրվեն ցուցակներն ու վերացվեն այն խախտումները, որոնց ընդամենը մի մասն է ներկայացվել Վերահսկիչ պալատի նախագահի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը