«Նոր ատոմակայանը` կենսական նշանակության նախագիծ»
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար տեղեկատվական քաղաքականություն է վարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը:
«Այս քաղաքականությունը դեռևս նոր զարգացումներ կապրի Ճապոնիայի դեպքերի հետ կապված: Բերվում է այն հանգամանքը, որ Հայաստանը ունի բանավար ջերմաէներգակիր հզորություններ սեփական ժողովրդին էլեկտրոէներգիայով ապահովելու համար ու որ մեզ պետք չէ 5 միլիարդանոց նոր նախագիծ իրականացնել»,-ասաց նա: Այսպիսով` բանախոսը կարծում է, որ Հայաստանը հայտնվում է նույն իրադրությունում, ինչ 80-ականներին, քանի որ այն ժամանակ էլ որոշվել է, թե Հայաստանն ունի ջերմաէներգետիկ խոշոր հզորություններ, բայց պարզվել է, որ բնական գազի ներմուծումը կարող էր մեկ օրվա ընթացքում խափանվել: Ինչը, և եղավ:
Այս տեսակետից, բանախոսի հավաստմամբ, նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար կենսական նշանակության նախագիծ է: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայանի կառուցումը ֆինանսավորվելու է Ռուսաստանի կողմից, ապա ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար բանախոսը նաև ձեռնտու գնահատեց:
«Այս նախագիծը, իմ կարծիքով, Հայաստանի անկախացումից հետո ամենալուրջ, ենթակառուցվածքային ու ռազմավարական ծրագիրն է, որի չիրագործելը կարող է վատ ու բացասական հետևանքների բերել»,-ասաց նա:
Նոր ատոմակայանը երկու անգամ ավելի հզոր է լինելու: Իսկ հայկական կողմը, ըստ բանախոսի, պետք է վերանայի ատոմակայանի անվտանգության հարցը` ինսպեկցիաների հաճախականության հարցը պետք է լուծվի: Նոր ատոմակայանի կառուցման դեպքում, նրա կարծիքով, հայկական կողմը «հույսը պետք է դնի» ռուս մասնագետների ու ռուսական ստանդարտների վրա:
«Մենք նոր ատոմակայանի հետ լուրջ խնդիր ունենք. մեզ հարկավոր են հարյուրավոր նոր կադրեր ու մենք պետք է զրոյից սկսենք»,-եզրափակեց «Նորավանք» կենտրոնի փոխտնօրենը:
Թեմայի մասին`Ճապոնիան ու մնացածները. ժամանակն է , արդյո՞ք, դասեր քաղելու հետ մեկտեղ թաղել ատոմային ռեակտորները