«Շուշի» հիմնադրամը վերականգնում է Շուշիի զարգացման հետ կապված ծրագրերը
Շուշիի զարգացման հետ կապված «Շուշի» բարեգործական հիմնադրամի ծրագրերը կիսատ են մնացել միջոցներ չունենալու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:
Բանախոսի հավաստմամբ, հիմնադրամը նպատակադրվել է վերսկսել կիսատ մնացած ծրագրերը: Առաջին հերթին, ինչպես Բ. Կարապետյանը նշեց, հարցը վերաբերում է մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի իրականացմանը:
«Մտադիր ենք սկսել Շուշիի սարահարթում մի քանի տարի առաջ դադարեցված պեղումները, Շուշիի քարանձավների ուսումնասիրությունները»,-ասաց նա:
Բ. Կարապետյանը նշեց, որ այդ նպատակով հիմնադրամին է նվիրել իր հեղինակած 8 հազար կտոր գրքերը: Հիմնադրամի ղեկավարն առաջարկեց անհատ ձեռներեցներին, կազմակերպություններին ձեռք բերել այդ գրքերն ու նվիրել ԼՂՀ ու ՀՀ գյուղական դպրոցներին: Բ. Կարապետյանը նշեց, որ այս միջոցառմանը ցանկություն են հայտնել մասնակցել մի շարք հեղինակներ ու հրատարակչություններ:
Նշենք, որ ծրագրի իրականացման գործընթացին ու պայմաններին կարելի է ծանոթանալ «Շուշի» բարեգործական հիմնադրամի կայքում (www.shoushi.am):