Նալբանդյանը ցավակցել է ճապոնացի ժողովրդին բնական աղետների ողբերգական հետևանքների կապակցությամբ
Մոսկվայում նախօրեին ԱԳ նախարարության, ճապոնական արտաքին առևտրի աջակցության կազմակերպության (JETRO) և հայկական զարգացման գործակալության (ADA) աջակցությամբ կայացել է «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ինչպես նաև ADA-ի ներդրումների հարցերով տնօրեն Նատալիա Արծրունին և «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, սեմինարի ընթացքում ընթերցվել էՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում ԱԳ նախարարը իր ցավակցությունն էր հայտնում ճապոնական ժողովրդին բնական աղետների ողբերգական հետևանքների կապակցությամբ:
Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է սեմինարի կարևորությունը հայ-ճապոնական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում, ինչին կաջակցի անցյալ տարի Ճապոնիայում բացված ՀՀ դեսպանությունը:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխաներ են տրվել ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին: