Կենսաթոշակառուների ցուցակներում հայտնաբերած խախտումների մասին նյութերը պետք է հանձնվեն դատախազություն. Վարչապետ
«Մարդիկ չեն հանգստանում, ցանկանում են պետությունից գողանալ»,–այսօր կառավարության նիստում անդրադառնալով կենսաթոշակների վճարման ոլորտում բացահայտած չարաշահումներին նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ երբ այստեղ բարեփոխումներ իրականացվեցին ու որոշվեց, որ պետությունը չպետք է զբաղվի թոշակների վճարումով, տրվել էր 6 ամիս ժամանակահատված, որպեսզի անցումը սահուն լիներ: Սակայն, վարչապետը հիշեցրեց, որ անցումը սահուն չեղավ. հունվարից հետո կառավարության շենքի առջև ցույցեր էին կազմակերպվում:
Վարչապետի խոսքով, այդ մարդիկ տեղավորվել են աշխատանքի վճարային ծառայություն մատուցող կազմակերպությունների կազմում: «Շատ կարճ ժամկետներում նրանք ներկայացրեցին 34 հզ. կենսաթոշակառուների ցուցակ, որոնց պետք է սպասարկեին, այն պարագայում, երբ բոլոր բանկերը միասին հասցրեցին 10 հզ. հայտ ստանալ»,- ասաց վարչապետը, ավելացնելով, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ցուցակներում կան մահացած մարդիկ, այսինքն ցուցակները կազմվել են կեղծարարությամբ ու այդ նյութերը, ըստ գործադիրի ղեկավարի, պետք է հանձնվեն դատախազությանը: Նա նաև առաջարկեց ժամանակավորապես կասեցնել վճարային ծառայությունների կողմից պայմանագրերի կնքումը, մինչև պարզվի իրավիճակը:
«Նշանակում է, որ այս մարդկանց ձեռքին կան ցուցակներ, որոնք հնարավորություն են տալիս կեղծարարություն անել։ Այս գործերը պետք է հանձնել դատախազություն, պետք է հասկանանք, թե ինչպես կարող է մահացած մարդը դիմում ներկայացնել այն մասին, որ ուզում է այդ վճարային ծառայության կողմից թոշակ ստանալ»,– ասաց Տ. Սարգսյանը, ավելացնելով, որ միայն մեկ վճարային ծառայությունում իրականացված ստուգման արդյունքում 421 խախտման դեպք է հայտնաբերվել։
«Ֆիննախի աուդիտն արդեն մի քանի ամիս է՝ զբաղվում է ցուցակների ճշգրտմամբ, բայց այդ մարդկանց սա չի կաշկանդում, պատրաստ են գալ կառավարության մոտ ցույցեր կազմակերպել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը