Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը անցել է 10 հազարը, մտահոգիչ է մնում Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի վիճակը
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրան հետևած ցունամիի զոհերի թիվը անցել է 10 000-ը:
Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը, հղում անելով ճապոնական ոստիկանության հրապարակած տվյալներին: Մոտ 17 500 մարդ դեսևս համարվում է անհետ կորած, իսկ 2775-ը վնասվածքներ են ստացել: Բնական աղետից տուժած երկրի վարչական շրջաններում հազարավոր ընտանիքներ շարունակում են մնալ առանց տանիքի: Զգացվում է խմելու ջրի ու մթերքի զգալի պահանջարկ:
Վերջին օրերին ստորգետնյա ցնցումները չեն դադարում ամենաշատը տուժած Միյագի վարչական շրջանում: Նախորդ երեքշաբթի ևս երկու ցնցում էր արձանագրվել 6,6 ու 6,1 մագտնիտուդ հզորությամբ:
Միաժամանակ, շարունակում է մտահոգիչ մնալ իրավիճակը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում: Մասնագետ ինժեներները շարունակում են ատոմակայանի ռեակտորներից մեկից արձակված ռադիոակտիվ գոլորշու աղբյուրը չեզոքացնելու աշխատանքները, ինչը սպառնում է ջրի ու մթերքի ճառագայթման մակարդակի բարձրացմանը:
Ռադիացիայի մակարդակի բարձրացման պատճառով երեկ հոսպիտալացվել էին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի անձնակազմի երկու աշխատակիցներ:
ԱԷԿ-ը շահագործող Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը արդեն հայտարարել է, դեռ մեկ ամիս ժամանակ կպահանջվի ատոմակայանում բոլոր աշխատանքները ավարտին հասցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց