«ՖԱՐՍ». Ադրբեջանցի մաքսայինների նվաստացուցիչ վերաբերմունքն իրանցիների նկատմամբ
Ադրբեջանի Ասթարայի մաքսատան աշխատակիցները շատ կոպիտ, անհարգալից և նվաստացուցիչ վերաբեմունքի են արժանացնում այդ երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանցի մաքսայինները նախ զբաղված են լայնատարած դրամաշորթությամբ, այնուհետև Ադրբեջան մուտք գործող իրանցիներին նկարահանում են և վիրավորական վերաբերմունքի արժանացնում: Իրանի ԱԳՆ-ն պետք է արձագանքի իրանցի զբոսաշրջիկների բողոքին»,-«ՖԱՐՍ»-ի հետ զրույցում նշել են Ադրբեջանից վերադարձած իրանցի զբոսաշրջիկները:
Հիշեցնենք, որ իրանական կայքերը վերջերս հաճախ են անդրադառնում Ադրբեջանի մաքսային և ոստիկանական ծառայությունների աշխատանքին, նշելով, որ Ադրբեջանի մաքսայիններն այդ երկիր այցելող իրանցիների համար խնդիրներ են ստեղծում հատկապես հեջաբի արգելման մասին որոշման ընդունումից հետո: «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ`Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի քաղաքացիները կոպիտ վերաբերմունքի են արժանանում հատկապես մաքսատան պատասխանատուների կողմից, իսկ ադրբեջանցի պետավտոտեսուչները տարբեր պատրվակներ փնտրելով իրանցիներին տուգանում են մի քանի հարյուր դոլարով:
Իսկ իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի Ասթարայի սահմանային անցակետի աշխատակիցները խնդիրներ են ստեղծում այն ադրբեջանցիների համար, որոնք ցանկանում են մեկնել Իրան, և ադրբեջանցի պաշտոնյաների նպատակն այն է, որպեսզի հնարավորինս քիչ քաղաքացիներ այցելեն Իրան: Նույն կայքի հաղորդմամբ`օրերս Ադրբեջանի ոստիկանությունը Ասթարայի մաքսատանը ձերբակալել էր Իրանի կրոնական Ղոմ քաղաքում իսլամ սովորող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 40 ուսանողի, որոնք Նովուռուզի նպատակով մեկնում էին իրենց երկիր:
Ադրբեջանական «Ազադլիգ» թերթն էլ օրերս նշել էր, որ Աստարայի Էրչիվան գյուղի 300-ից ավելի բնակիչներ գյուղի մզկիթի մոտ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք, հիմնականում, դժգոհել են Իրանից մթերք բերելու արգելքից և այդ նպատակով Իրան մեկնել ցանկացողների նկատմամբ արհեստական խոչընդոտներ ստեղծող մաքսատան աշխատակիցներից: