Hurriyet. Ֆրանսիայի սենատում ներկայացվելու է Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի համարող օրինագիծ
Թուրքական «Hurriyet» օրաթերթը տագնապած հայտնում է, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինը դարձյալ դիմելու է Թուրքիայի վրա ճնշման լծակ կիրառելուն: Տեղեկություն կա, որ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը (ՍԿ) մայիսի 4-ին սենատի օրակարգ է բերելու Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծ: Այս մասին լուրը հաստատվել է սոցիալիստների խորհրդարանական խմբակցության կողմից:
Եթե հիշյալ օրինագիծը սենատի հավանությանն արժանանա, ապա դա ենթադրում է, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանիայի տարածքում ժխտողների համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկման և 45.000 եվրո տուգանքի պատիժ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Իսկ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել էր Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, որը, սակայն, չի հաստատվել սենատի կողմից: