
«Արաքս» թռչնաֆաբրիկայի ղեկավարությունը խոստանում է, որ մինչև տարեվերջ ձվի օրեկան արտադրությունը կհասցնի 700 հազարի
«Արաքս» թռչնաֆաբրիկան Արմավիրի Արևշատ համայնքում մսատու թռչնի մայրական հոտի աճեցման և պահպանման համալիր է կառուցում և այդ նպատակով արդեն իսկ համայնքում գնել է 40 հա տարածք: Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Արևշատ գյուղ և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկությամբ դիտեց թռչնաֆաբրիկայի նոր մասնաշենքերը, ծանոթացավ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի ծրագրերի հետ:
«X Գրուպի» սեփականատեր Խաչատուր Խաչատրյանը նախագահ Սարգսյանին տեղեկացրեց, որ Արևշատ գյուղում նոր համալիրը կառուցվում է թռչնի տարատեսակ հիվանդություններից խուսափելու համար: Նախորդ տարվա նոյեմբերից մինչ այսօր նոր տարածքում մայրական կազմի աճեցման համար կառուցվել է երկու թռչնանոց, որոնցում այսօր պահվում է 18 հազար հավ և 2500 աքաղաղ։ «X Գրուպի» սեփականատերը հայտնեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել ևս 4 թռչնանոց, ինչպես նաև ինկուբացիոն տնտեսություն։
«Արաքս»-ի գլխավոր անասնաբույժ Աղասի Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան նախատեսում է ավելացնել թռչնամսի և ձվի արտադրության ծավալները։ Մինչև տարեվերջ ֆաբրիկայի ղեկավարությունը այնպես է անելու, որ օրեկան արտադրվի 700 հազար ձու՝ ներկայիս 250-260 հազարի փոխարեն։ Բաղդասարյանի խոսքով, թռչնաֆաբրիկան նախատեսում է արտադրվող հավկիթի քանակը հասցնել տարեկան շուրջ 25 միլիոնի` ապահովելով ՀՀ շուկայի 60-65% -ը: Նա նաև տեղեկացրեց, որ նոր համալիրի հետ կբացվեն ևս 50 աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր


