ՀՀ նախագահը մասնակցել է Տալվորիկ համայնքի «Շենիկ» ինքնահոս համակարգի գործարկմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Տալվորիկ համայնքի «Շենիկ» ինքնահոս համակարգի գործարկմանը:
Համակարգը վերանորոգվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում և ոռոգման ջրով ապահովում է Տալվորիկ համայնքի 78 ջրօգտագործողներին:
Նախքան «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերանորոգվելը համակարգի միջոցով ոռոգվում էր 600 հեկտար հողատարածք, աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ևս 500 հեկտարով՝ ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի:
Նոր ջրագիծը կառուցվել է նախկին ջրանցքից 1 մետր բարձր, ինչն էապես բարելավել է ջրամատակարարման պայմանները, զգալի կրճատել է ջրի կորուստները և թույլ է տվել ընդգրկել ջրանցքի իշխման տակ գտնվող բոլոր հողատարածքները:
Ծրագրի ընդհանուր ներդրումը կազմել է 1.4 մլն դոլար:
Ինչպես նշեց «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում 5 ջրագիծ է վերանորոգվել Հայաստանի 5 մարզերում, նաև վերականգնվել են 6 մայրջրանցքներ՝ երեսապատելով մոտ 40 կմ ջրագծեր և վերականգնել շուրջ 60 ջրային կառուցվածքներ:
«Ծրագրի հիմնական նպատակն է գյուղացներին և ֆերմերային տնտեսություններին ապահովել հուսալի և նվազագույն կորուստներով ոռոգման ջրով: 2006 թվականին մեկնարկած 5-ամյա ծարգիրն այժմ այժմ գտնվում է իրականացման վերջին կիսամյակում: Այսօր արդեն կարող ենք խոսել արդյունքների մասին, քանի որ իրականացվել են բազմաթիվ մայր ջրանցքների և ինքնահոս համակարգերի վերանորոգման աշխատանքներ հանրապետության բոլոր մարզերում: Չնայած մոտեցել ենք ծրագրի ավարտին, աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ընթանալ»,- նշեց Արա Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը