Շայդուլին. Մեր հիմնական խնդիրը Եվրասիական տրանսպորտային միջանցքում ինտեգրումն է
Երևանում մեկնարկեց միջազգային երկաթուղային հաշվարկների կատարման նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման մշտական համակարգող հանձնաժողովի նիստը: ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստին, որը կավարտվի ապրիլի 15-ին, մասնակցում են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Էստոնիայի երկաթուղային վարչակազմերի ներկայացուցիչները:
Երևանյան նիստի մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը:
Շայդուլլինի խոսքերով, Հարավկովկասյան երկաթուղին իրեն դիտարկում է որպես համազգային տրանսպորտային ընկերություն և ոչ միայն տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներ է տանում, այլև ձգտում է դառնալ տարածաշրջանային տրանսպորտային օպերատոր:
«Մեր հիմնական խնդիրը Եվրասիական տրանսպորտային միջանցքում ինտեգրումն է: Հայաստանի պետությանը և տնտեսությանը անհրաժեշտ է տրանզիտը, որը բացակայում է: Այդ պատճառով անհրաժեշտ է համատեղ աշխատել բոլոր առկա խնդիրների լուծման համար», - ասաց Շայդուլլինը:
Նիստի մասնակիցները կքննարկեն օրակարգային հարցերը, կծանոթանան «ՀԿԵ» ՓԲԸ-ի աշխատանքներին, կայցելեն երկաթուղային թանգարանը, Երևանի վագոնային դեպոն, «ՀԿԵ» ՓԲԸ-ի այլ օբյեկտները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան