Մեկ ամիս անց հայ-ադրբեջանական սահմանից քիչ հեռու 35-ամյա երիտասարդի դին են գտել
Մոտ մեկ ամիս առաջ` մարտի 14-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Ա. Երեմյանը մարտի 5-ի առավոտյան ավանակով ուղևորվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտուց մոտ 700-800 մետր հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ անասնակեր տեղափոխելու, սակայն նա տուն չի վերադարձել, իսկ ավանակին զինվորականները հայտնաբերել են սահմանային գոտում:
Ոստիկանությունից հայտնեցին, որ երկու օր առաջ` ապրիլի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Այգեձոր գյուղի «Մանուկ» կոչվող սարամասում հայտնաբերել են Ա. Երեմյանի դիակը՝ դեմքի մասում վայրի թռչունների ճիրաններից առաջացած քերծվածքների հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: