Ուխտագնացություն դեպի Օձուն և Արդվի
Ամեն տարի ապրիլի 17-ին նշվում է Հովհաննես Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օրը: Ամեն տարի Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, Օձունի գյուղապետարանը կազմակերպում են ուխտագնացություն Հովհան Օձնեցու ծննդավայր` Օձուն և հարևան գյուղ` Արդվի, ուր ամփոփված է նրա աճյունը:
Այս տարի` ապրիլի 17-ին տեղի կունենա զանգերի օրհնությունը: 1937 թվականից մինչ այսօր Օձունի եկեղեցին զրկված էր զանգերի ղողանջից, քանի որ դրանք պարզապես գոյություն չունեին: Այդ ամենը հաշվի առնելով այս տարի եկեղեցու խաչքավոր` գործարար Ռուբիկ Պապոյանի ջանքերով ձեռք են բերվել զանգեր:
Հովհան Օձնեցու մասին ավանդությունների հնագույն հիշատակող Կիրակոս Գանձակեցին նրան բնութագրում է որպես «այր իմաստասէր և սուրբ, և վայելուչ հասակաւ մարմնով, և հոգւով ևս առաւել գեղեցիկ» (Պատմութիւն Հայոց, Եր., 1961):
Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի մահից հետո (728թ.) ամեն տարի ապրիլի 17-ին` նրա մահվան օրը, կազմակերպվել է ուխտագնացություն, դեպի նրա ծննդավայր ու գերեզման: Սակայն այս ավանդույթը խորհրդային ժամանակաշրջանում անտեսվել է: 90-ականներից սկսած կրկին մոռացության փոշին մաքրվել է և Հովհան Օձնեցու մահվան օրը` ապրիլի 17-ը, համարվում է Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օր: