Ապրիլի 20-ից հետո «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքելիս հաշվի կառնվեն նոր գները
Այսօր տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ: Խորհուրդը քննարկել է և հաստատել է աշխատանքային խմբի առաջարկած` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարների մեկնարկային գները:
ՊՈԱԿ-ի հաղամասերն ընդգրկված են մարզի 41 համայնքների տարածքում, և, ըստ աշխատանքային խմբի, գները հաշվարկելիս հաշվի է առնվել տարածքների նկատմամբ փաստացի առկա պահանջարկը: Տարբեր են նաև գյուղատնտեսական և կառուցապատման նպատակներով տրամադրվող տարածքների վարձավճարների մեկնարկային գները:
Խորհուրդն արձանագրել է, որ ապրիլի 20-ից հետո «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքելիս հաշվի կառնվեն նոր գները:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, խորհրդի կողմից ձևավորված մյուս աշխատանքային խումբը ներկայացրել է 2010թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից վերակնքված վարձակալության 18 պայմանագրերի ուսումնասիրության արդյունքները: Առաջարկվեց 18 պայմանագրերից 6-ը թողնել անփոփոխ, իսկ 12-ը վերանայել` տարածքների մակերեսների և ժամկետների մասով:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում պայմանագրերի պայմանները վերանայելու և նոր պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցել վարձակալների հետ և արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին:
Խորհուրդը հավանության է արժանացրել նաև ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության երկու նոր պայմանագրերը: