Բրիտանիայի իշխող կուսակցության անդամը Լորդերի պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես կկազմակերպի
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ և հայ-բրիտանական խորհրդարանական խմբի անդամ Ջոն Վիկինգդեյլը առաջին անգամն է այցելել Հայաստան և Հայոց ցեղասպանության թանգարանից դուրս է եկել ցնցված: «Ես ցնցված եմ` այդքան լուսանկարներ, այդքան փաստեր, որ պատմում են, որ Հայոց ցեղասպանությունը իրոք տեղի է ունեցել», -այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսում իր տպավորությունները ներկայացրեց բրիտանացի պատգամավորը:
Նրա խոսքով, իր երկրում շատ քչերը գիտեն` ինչ է իրականում տեղի ունեցել: «Մենք այդ ապացույցները տեսանք թանգարանում, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացված էր ցեղասպանության դրվագները: Ես ուզում եմ ցուցահանդես կազմակերպել Բրիտանական խորհրդարանում, որպեսզի իմ գործընկերները տեղեկանան այդ դեպքերի մասին» ,- իր ապագա ծրագրերի մասին ասաց Վիկինգդեյլը` հույս հայտնելով, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ղեկավարությունը անհրաժեշտ լուսանկարներ կտրամադրի իրեն:
Լորդերի պալատի 12 տարվա անդամ Լինդոն Հարիսոնը թեպետ իր կուսակցական պատկանելությամբ ընդդիմադիր է Պահպանողական Վինկինգդեյլին, բայց համաձայնեց նրա արտահայտած մտքին: «Բոլորս հուզվել էինք լինելով Հայոց ցեղասպանության թանգարանում: Ես միշտ կհիշեմ մեր այցելությունը Հայաստան, Ցեղասպանության թանգարան, իսկ ապրիլի 24-ին մենք մտքով ձեզ հետ կլինենք», -հավելեց նա:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի մյուս անդամ, ազգությամբ հնդիկ Բարոնուհի Շիլա Ֆլավըրը, ի տարբերություն իր գործընկերոջը, երկրորդ անգամն է այցելում Հայաստան ու արդեն ծանոթ է թանգարանում ներկայացված փաստերին: Բայց նա թանգարան այցելելիս դարձյալ նեղվել է: «Ես շատ նեղվեցի, որ մեր կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, մենք գիտենք հասկանում ենք, թե ինչու չի ճանաչում, որովհետև Թուրքիայի հետ սերտ հարաբերությունենրի մեջ է: Բայց մենք կանգ չենք առնելու ու պահանջելու ենք ճանաչել ցեղասպանության փաստը», -հավելեց տիկին Շիլան:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը արդեն երեք օր է գտնվում է Հայաստանում: Նրանք նախօերին այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ: