Թուրքագետ. Թուրքիայում պրոհայկական ակցիաները կասկածելի են ու որոգայթներ
Այսօր Թուրքիայում տեղի ունեցող ակցիաներն արտաքուստ են պրոհայկական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Սրանք իրականում հետաքրքիր գործընթացներ են մի երկրում, որտեղ տասնամյակներ շարունակ ժխտողական քաղաքականություն է իրականացվել: Այդ ակցիաների անկեղծությունն ինձ համար կասկածելի են: Մասնավորապես` «Ներողություն են խնդրում հայերից» ակցիան շատ կարճ ժամանակահատվածում քաղաքականացվեց և վերածվեց գովազդային տեսահոլովակի»,-ասաց Ռ. Մելքոնյանը, մեջբերելով դրա կազմակերպիչներից մեկի հայտարարությունն այն մասին, թե այդ ակցիաների շնորհիվ տարբեր երկրներում դադարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացները և երկրի պաշտոնյաները պետք է աղոթեն այդ ակցիաների համար:
«Արտաքուստ հայանպաստ թվացող մեթոդներով, Թուրքիան փորձում է փոխել իր քաղաքական իմիջը: Դրանք որոգայթներ են, որոնք կրում են պրոհայկական դիմակ»,-ասաց թուրքագետը, հույս հայտնելով, որ հայկական լոբբինգը կկարողանա հարմարվել այս նոր քաղաքականությանն ու աշխատել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԱՄՆ նախագահն իր ապրիլքսանչոսյան ելույթում կարտասանի Ցեղասպանություն տերմինը, ապա բանախոսն ասաց, որ շանսերը զրոյական են, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր չի նպաստում դրան:
« Եթե նա ասելու է ցեղասպանություն, որին չեն հաջորդելու որևէ իրավական քայլեր, ապա դա ինձ համար նշանակություն չունի: Ավելին` առաջին հերթին հենց ԱՄՆ-ին է պետք և նրանց պետք է հետաքրքրի Օբամայի կողմից այդ բառի արտասանումը: Ես կարծում եմ, որ նա կրկին արտասանելու է Մեծ եղեռն տերմինը»,-ասաց նա: