Վիրահայերը բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ
«Մենք հիշում և պայքարում ենք հանուն արդարության» կարգախոսով բողոքի ակցիա է ապրիլի 24-ին տեղի ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև: «Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ակցիային մասնակցել է շուրջ 600 մարդ: Հավաքվածները պահանջում էին ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: «Մենք հավաքվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և պայքարենք Թուրքիայի վարած Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ»,- իր ելույթում ասել է Վրաստանի Հայ ուսանողների միության (ՎՀՈւՄ) նախագահ Արմեն Աղաջանովը:
ՎՀՈւՄ անդամ Դավիթ Մզիկյանի խոսքով էլ, պայքարը այն ստի և քարոզչության դեմ է, որը Թուրքիան տարածում է ամբողջ աշխարհում: «96 տարի անց էլ մեր ժողովուրդը շարունակում է այն սուրբ պայքարը, որը սկսել են մեր պապերը: Մենք այս պայքարը շարունակող սերունդն ենք»,- ավելացրեց Դավիթ Մզիկյանը:
«Վրաստանի Հայ համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանը կարևորել է այն, որ Հայ Դատի պայքարի գործում ակտիվ մասնակցություն ունեն հատկապես երիտասարդները: «Դա է մեր ապագան, դա է մեր հույսը: Տեսնում եք, թե ինչպես է տրամադրված ժողովուրդը, մանավանդ երիտասարդությունը: Դա հույս է ներշնչում, որ մեր ժողովուրդը հավերժ կապրի, քանի դեռ պատրաստ է պայքարել իր իրավունքների համար»,- համոզված է նա:
Մի քանի տարի շարունակ անցկացվող բողոքի ակցիային առաջին անգամ մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչը:
Թուրքական դեսպանատան մոտ բողոքի ցույցին ամեն տարի մասնակցում են նաև Վրաստանի ազգային մի շարք փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այս տարի ցույցին մասնակցում էին Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին էլ Թբիլիսիում կայացավ ավանդական ջահերով երթը, որն ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները