Շվեդ պատգամավորներն հյուրընկալվել են Հայաստանի արտգործնախարարությունում
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում, ըստ աղբյուրի, նախարար Նալբանդյանը կարևորել է շվեդ պատգամավորների գործունեությունը հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում՝ ընդգծելով խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական փոխգործակցության զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյանը նաև բարձր է գնահատել անցյալ տարի Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու գործում բարեկամական խմբի ներդրումը:
Տեղեկացնում են, որ շվեդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանացել են Հայաստանում: Նրանք վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան