Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Պոլիմեր Տրուբ» գործարանի բացման հանդիսավոր արարողությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիր և մասնակցեց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Պոլիմեր Տրուբ»-ի տնօրեն Արշակ Նալբանդյանը, գործարանում կարտադրվեն 800, 1100, 1200, 1400մմ տրամաչափի խողովակներ` 15 մթնոլորտ ճնշմամբ, իսկ խողովակների օգտագործման երաշխիքային ժամկետը 50 տարի է:
Ըստ նրա, գործարանի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ սկսած 1990 թ.-ից խոշոր տրամաչափի խողովակներ Հայաստան չեն ներկրվել` չնայած տնտեսության որոշակի ճյուղերում (հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, կոյուղի և ջրահեռացում, ճանապարհային շինարարություն և այլն) դրանց մեծ պահանջարկին: Նշվեց նաև, որ առկա պաշարներն արդեն սպառվել են: Ըստ նրա, այն առաջին գործարան է նաև Անդրկովկասում:
Ա.Նալբանդյանի խոսքերով, իրենց կողմից անցկացրած մոնիթորինգի համաձայն, Հայաստանում նման խոշոր տրամաչափի խողովակների տարեկան պահանջարկը կազմում է 80-120կմ:
«Մենք պատրաստ ենք լիովին բավարարել այդ պահանջարկը»,- ընդգծեց նա:
Նշվեց նաև, որ հումքը ներկրվում է Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից: Խողովակները հիմնականում օգտագործվելու են ՀԷԿ-ի, ոռոգման համակարգի, կոյուղու, շինարարական աշխատանքների համար:
Գործարանում ներկայումս աշխատում են 32 մասնագետներ և 12 տեխնիկական աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ: Առաջիկայում նախատեսվում է գործարանի ընդլայնում և նոր ապրանքատեսակների արտադրություն:
«Պոլիմեր Տրուբ» գործարանը հիմնադրվել է սիրիահայ եղբայրներ Արթին և Սուրեն Վարթանյանների նախաձեռնությամբ: Գործարանի շինարարությունը սկսվել է 2009 թվականին, իսկ ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 5,8 մլն ԱՄՆ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան