Սերժ Սարգսյան. Ստեղծվող բարենպաստ պայմանները նրա համար են, որպեսզի հողը մշակվի, գյուղացին աշխատի և բարձր եկամուտ ստանա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների մասնակցությամբ:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկերի ղեկավարների հետ այսօրվա հանդիպումը նախատեսել էր Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունների մասին իր տնտեսական թիմի հետ խորհրդակցությունից հետո: Նախագահի խոսքով, խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև բանկային համակարգի հետ կապված հարցեր, ընդունվել են որոշումներ, որոնց կատարման ընթացքի մասին Կենտրոնական բանկի նախագահն ամեն շաբաթ զեկուցում է: Սերժ Սարգսյանն առաջարկել է այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալ այդ աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, քննարկել դրանց ընթացքն արագացնելու ուղղությամբ համատեղ անելիքները:
Նշելով, որ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ երեկ ունեցած իր հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև հարկային, մաքսային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, Նախագահ Սարգսյանը կարևորել է բարեփոխումների այդ ծրագրի, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների ու գնաճի հետ կապված հարցերը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ ևս քննարկելը: Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նաև բանկային համակարգի, պետության և մասնավոր տնտեսությունների միջև համագործակցության ու առկա խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկությունները:
Անդրադառնալով գյուղատնտեսության վարկավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքին` Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ բնագավառում բանկային համակարգի ներգրավվածությունը և վարկավորման բարենպաստ պայմանները չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ ոլորտի վրա:
«Կարծում եմ, որ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ միջոցառումները: Ուղղակի, խնդրում եմ և՛ Կենտրոնական բանկի նախագահին, և՛ ձեզ բոլորիդ, որ այս հարցում լինենք խիստ սկզբունքային և անենք ամեն ինչ, որպեսզի վարկային միջոցները ոչ միայն հասնեն գյուղացիական տնտեսություններին, այլ օգտագործվեն նպատակային` հենց գյուղատնտեսական աշխատանքների համար: Ստեղծվող բարենպաստ պայմանները նրա համար են, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքն ավելանա, հողը մշակվի, որպեսզի գյուղացին աշխատի և բարձր եկամուտ ստանա: Մեր խնդիրն է` խթանել գյուղատնտեսական արտադրանքը»,-ասել է Նախագահը: