Դ. Ջամալյան. Արցախյան ուժերը առաջնորդվում են անխուսափելի համարժեք պատասխանի սկզբունքով
«Նախևառաջ ցավակցում եմ զոհված զինվորի հարազատներին: Կորուստը բոլորինս է: Սրանք վերամբարձ խոսքեր չեն, մենք բոլորս ենք պարտական սահման պահող զինվորին: Բազմիցս ասվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու մոտիվացիա ադրբեջանական կողմը չունի: Ի թիվս այլ պատճառների առաջին գծում անընդմեջ լարվածության պահպանումը այսօր` Ադրբեջանում ներքաղաքական հարաճուն անկայունության պայմաններում, կարող է նպաստել նախագահ Ալիևի իշխանության ապրապնդմանը»,- անդրադառնալով Ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերից մեկում ծառայություն անցնող հայ զինծառայողի սպանելու փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ըստ բանախոսի՝ այս վարկածը միանգամայն տրամաբանական է թվում. հետևաբար ակնհայտ է, որ առաջին գծում լարվածությունը առաջիկայում չի թուլանալու:
«Հատկանշականն այն է, որ թեև ադրբեջանական կողմն այդ նախահարձակ գործողությունների հետևանքով զգալի կորուստներ է կրում, այդուհանդերձ չի հրաժարվում իր այդ գործելաոճից»,- նշեց Դ. Ջամալյանը:
Նրա պնդմամբ՝ Արցախի Պաշտպանության Բանակի անձնակազմի, և հատկապես հրամանատարական կազմի շրջանում տիրապետում է այն համոզմունքը, ըստ որի հակառակորդին հարկավոր է պահել անընդմեջ բարոյահոգեբանական ճնշման տակ:
«Այդ նպատակով արցախյան ուժերը առաջնորդվում են «անխուսափելի համարժեք պատասխանի» սկզբունքով: Հրադադարի հաստատումից ի վեր հենց այդ սկզբունքի հետևողական կիրառության շնորհիվ է նաև, որ ալիևյան սպառնալիքները այդպես էլ մնում են լոկ որպես սպառնալիք»,- հավելեց ռազմական փորձագետ:
Նախորդող նորություն` Հակառակորդի գնդակից հայ զինվոր է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը