ՀՀ նախագահը խոհրդակցություն է անցկացրել վերամշակող ընկերությունների հետ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Երևան գարեջուր» ՓԲԸ-ում հանրապետության վերամշակող ընկերությունների հետ անցկացրեց խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին խաղող և պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Խորհրդակցությունից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանգամանորեն քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր, որոնք վերաբերում են վերամշակող ճյուղին և նրա զարգացմանը, ինչպես նաև արտադրող և վերամշակող ճյուղի համագործակցությանը:
«Մասնավոր հատված և պետություն համագործակցությունը գյուղատնտեսության զարգացման հիմքերից մեկն է»,- ասաց Ս. Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչ այս կազմակերպվել են վերամշակող ճյուղի, բանակային համակարգի ներկայացուցիչների հետ կոնֆերանսներ: Որոշվել է, որ արտադրող և մթերող կազմակեպություների մեջ պետք է լինեն պայմանագրային հարաբերություներ` իրավական հիմքերի վրա: Պայմանագրով պետք է ամրագրվի կողմերի պարտավորություները, վերամշակող ընկերությունների օգնությունը գյուղացիական տնտեսություններին` պարարտանյութի, սերմացուի կամ թունաքիմիկատների տեսքով: Ֆիքսված լինեն մթերքի գնման գները և այլն:
Ս.Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ գյուղոլորտում վերջին շրջանում իրականացվող ծրագրերից հետո` ցածր տոկոսադրույքով վարկեր և այլն, գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կավելանա, կավելանան նաև մթերող կազմակերպությունների հնարավորությունները:
«Ես համոզված եմ, որ հանդիպումը նախագահի հետ կտա իր դրական արդյունքը և ընդհանրապես տարվա ընթացքում աճեցրած ամբողջ բերքը կմթերվի և կվերամշակվի մթերող կազմակերպությունների կողմից»,- ընդգծեց Ս. Կարապետյանը:
Հարցին, թե վերամշակող ընկերությունները իրենց արտադրանքը արտահանելու համար այսօր ինչ խնդիրներ ունեն, Ս.Կարապետյանը նշեց, որ հիմնական խնդիրը ոչ մրցունակ արտադրանքի թողարկումն է:
Ըստ նրա, հանրապետությունում վերամշակող ճյուղը կայացած է, բայց այսօր պետք է վերակառուցել եղած հզորությունները, պետք է թարմացվեն տեխնոլոգիական հոսքագծերը, որպեսզի արտադրված ապրանքը միջազգային շուկայում մրցունակ լինի:
«Տեղական շուկան արդեն հագեցած է, ուստի մենք արտահանման հետ կապված խնդիրներ ունենք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեցօր ավելանում են վերամշակող ձեռնարկությունների քանակը, ապա կարծում եմ` դա կբերի մրցունակության բարձրացման և որակի բարելավման»,- նշեց գյուղնախարարը: