Pia.az. Բաքվից փող է փոխանցվել Թուրքիայի քրդերին
Հղում կատարելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրներին` ազգայնամետ ART-Grup թուրքական կայքը Ադրբեջանի վերաբերյալ ցնցող տեղեկություն է հայտնել: Աղբյուրը պնդում է, որ Ադրբեջանի մի խումբ պաշտոնյաներ դեռևս շարունակում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել թուրքաբնակ քուրդ անջատողականներին:
Աղբյուրը գրում է. «Ցավալի է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին գտնվող Թուրքիայում քայքայիչ գործողություններով զբաղված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» քաղաքակիրթ թևը հանդիսացող խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցությանը (ԽԺԿ) ֆինանսապես աջակցողների մեջ է նաև եղբայրական Ադրբեջանը»:
«Այս օրերին ընտրական հիմնադրամ ստեղծող ԽԺԿ-ի բանկային հաշիվների վրա մեծ քանակությամբ փող է փոխանցվել Ադրբեջանից: Այն փոխանցվել է ԽԺԿ-ի Բաթմանից ընտրված պատգամավոր Բենգի Յըլդըզի հաշվեհամարի վրա»,-հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ հետ կապեր ունենալու հետ կապված` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների անունները մի քանի անգամ հոլովվել են: Այս հարցին հատուկ ուշադրություն դարձնող թուրքական կայքը պնդում է, որ չնայած այն բանին, որ Թուրքիան բազմիցս դիմել է պաշտոնական Բաքվին` այդ պաշտոնյաների` ՔԱԿ-ի հետ կապերը հետազոտելու խնդրանքով, ադրբեջանական կողմն այն անտեսել է:
Թուրքական կայքը Ադրբեջանի այդ գործողությունը եղբայր երկրին չսազող քայլ է գնահատել ու հավելել, որ ընտրությունների շեմին Ադրբեջանից ՔԱԿ-ին փոխանցված փողերի չափը պետք է լրջորեն ուսումնասիրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան