«ՀԿԵ» ներդրել է միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը
Այսօր «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության «Երևան» երկաթուղային կայարանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովի և «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ գործարկվեց միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը:
Համակարգը կներդրվի Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արմավիրի կայարաններում: Նոր համակարգի ներդրման հետ կապված, տոմսի արժեքի մեջ կներառվեն ապահովագրական վճարները, որոնք կազմում են 200 դրամ Երևան-Բաթումի-Երևան գնացքի համար և 250 դրամ Երևան-Թիֆլիս-Երևան գնացքի համար: Տոմս վերադարձնելու դեպքում ուղևորին ամբողջովին կհատուցվի ապահովագրական վճարը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, նոր համակարգի ներդրումով արագացվելու է տոմսերի վաճառքի գործընթացը, ինչպես նաև բարձրացվելու է ուղևորների սպասարկման որակը: Այսինքն` ուղևորը կկարողանա առանց խոչընդոտի, առանց ժամանակի կորստի իր միջոցներով անմիջապես տոմս ձեռք բերել: «Այս համակարգը էապես փոխում է հարաբերությունները երկաթուղայինների և քաղաքացիների միջև»,- ասաց նախարարը` հավելելով, որ մինչև հունիսի 15-ը նաև ինտերնետի միջոցով տոմսերի վաճառք կիրականացվի:
Հաջորդ քայլը, ըստ նախարարի, էլեկտրոնային տոմսերի ձեռքբերումն է: Մ.Վարդանյանի խոսքերով, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ոչ միայն երկաթուղային, այլև ավտոբուսային տոմսերի վաճառքը նույնպես իրականացվի ինտերնետի միջոցով: «Վստահ եմ, որ ավտոկայանների հետ համատեղ քննարկման արդյունքում լուծումներ կգտնենք: Եթե կարողնանք թե գնացքի, թե ավտոբուսի տոմսերը ձեռք բերել նմանատիպ համակարգի միջոցով, ապա դա ևս սպասարկման որակը կփոխի»,- նշեց Մ.Վարդանյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախարարությունը ՀԿԵ-ի հետ միասին հաստատել է բարեփոխումների ծրագիր, որի 90 տոկոսն ուղղված է ենթակառուցվածքների բարեկարգմանը:
«ՀԿԵ» գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը նշեց, որ ավտոմատացված համակարգը լիովին բացառում է անճշտությունները, որոնք եղել են անցյալ տարի:
Ինչ վերաբերում է տոմսերի վաճառքին, ապա Մ.Խարկովը հայտնեց, որ Երևան-Բաթում գնացքի տոմսերն այս տարի կթանկանան մոտ 2000 դրամով։ Ըստ նրա, այս տարի տոմսերի արժեքը կսկսի մոտ 9000 դրամից։ Նշվեց նաև, որ Երևան-Բաթումի առաջին ուղերթը կիրականացվի հունիսի 15-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Երևան-Բաթում գնացքի տոմսի արժեքը 7.5-24 հազար դրամի սահմաններում էր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը