«Թող մարդիկ իմանան, որ չոտկիա». Հայաստանի բիզնեսը Վրաստան չի տեղափոխվել
Այսօր Ազգային ժողովում 2010 թվականի բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը հետաքրքրվել է`ճի՞շտ է, որ հայ գործարարները Հայաստանից իրենց բիզնեսը տեղափոխում են Վրաստան:
Ալավերդյանը նախ հիշեցրեց Հայաստանի նախագահի հետ ագրոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և տեղեկացրեց, որ այդ հանդիպման ժամանակ, երբ ՊԵԿ-ի ներկայացուցիչ հետաքրքրվել է, թե ո՞ւմ է հայտնի կոնկրետ ոլորտում` հյուրանոցային, այս կամ այն արտադրության, ծառայության և կոնկրետ ներդրման դեպք, որ տարվել է Վրաստան, ոչ մեկը որևէ կոնկրետ օրինակ չի բերել:
Ալավերդյանի խոսքով, հայ գործարարներն «էական» ներդրումներ չեն արել նաև Բաթումիում հյուրանոցային համալիրների շինարարության և բնակարանաշինության ոլորտներում: «Ես մի օրինակ բերեմ` վրացիները Հայաստանում լիմոնադ են արտադրում` «Կազբեկ», «Նատախտարի» ջրերի արտադրություն: Հիմա դա ուրախալի է, մրցակցություն է, որ մենք մեր զովացուցիչ ջրերի մակարդակը բարձրացնենք: Բայց մենք ինչ մրցունակ ապրանք ունենք, որ տանենք Վրաստանում տեղադրենք»,-հավելեց Արմեն Ալավերդյան: ՊԵԿ փոխնախագահի խոսքով, բիզնեսի տեղափոխման համար մեկ հիմնական պայման գոնե անհրաժեշտ է` երբ հայ գործարարը Հայաստանում պահանջարկի հարցը լուծել է և տեղափոխվում է նոր շուկաներ:
«Այնպես որ, խիստ չափազանցված են ու գերագնահատված են այն գնահատականները, որ Հայաստանի բիզնեսը տեղափոխվել է: Իսկ այս տարվա համար, առավել համարձակ հայտարարություն անեմ, այն բարենպաստ պայմանները, որ պետք է Վրաստանում ներգրավեին մեր բիզնեսին, մենք այդպիսի ռեալ փաստեր չունենք»,- նշեց Արմեն Ալավերդյանը` միաժամանակ նկատելով, որ բիզնեսը Վրաստան տեղափոխելը նաև «ինտեգրման գործընթաց է», ինչն անհրաժեշտ է:
ՊԵԿ փոխնախագահի այս պատասխանը գոհացրեց հարց տված պատգամավոր Ենոքյանին, ու վերջինս խորհուրդ տվեց այդ մասին հայտարարել լրատվամիջոցներով: «Թող մարդիկ իմանան, որ չոտկիա», -բացատրեց Ենոքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան